Ֆրանսիայում խարդախ-«ֆանտոմասների» ավազակախումբ են բացահայտել
Ֆրանսիայում երեքշաբթի օրը սկսվել է խարդախ ավազակախմբի հանդեպ դատավարությունը, որը խաբեությամբ տասնյակ միլիոնավոր եվրո է ստացել հարուստ եւ հայտնի անձանցից, գրում է The Guardian-ը։
Հանցագործություններ կատարելիս նրանք հագել են Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի, ինչպես նաեւ միլիարդատեր Ագա Խանի դեմքով դիմակներ։
Խարդախության սխեման գործել է հետեւյալ կերպ՝ հանցագործը նախարարի դեմքով սիլիկոնե դիմակով տեսազանգ է կատարել հարուստ զոհերին եւ խոշոր գումարներ է խնդրել «գաղտնի գործողությունների» համար՝ խոստանալով, որ շուտով նրանք փոխհատուցում կստանան պետությունից։
Հիմնականում գումարը խնդրել են հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար։
Խարդախության համար մեղադրանքով դատարանի առջեւ է կանգնել յոթ հոգուց բաղկացած խումբ, որոնցից երկուսը՝ 54-ամյա Չիկլե եւ 35-ամյա Էնթոնի Լազարեւիչները, ֆրանսիացի հրեաներ են։ Հենց նրանց են կասկածում ավազակախմբի հանցավոր գործունեությունը կազմակերպելու մեջ։
Հանցագործներից բռնագրավված իրերի մեջ հայտնաբերվել է նաեւ Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդի սիլիկոնե դիմակի լուսանկարը։