Հայաստանը կարող է տարեկան 3-4 մլն դոլար հատկացնել անտառների վերականգնման համար. փոխնախարար
Հայաստանի անտառները տարիներ շարունակ ոչնչացվել են, դրանց վերականգնման հարցով աշխատանքներ չեն իրականացվել: Այսօր Հայաստանը կարող է այդ նպատակով տարեկան 3-4 մլն դոլար հատկացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը:
Նրա խոսքով՝ 10 մլն ծառ տնկելու ծրագիրը շարունակություն կունենա, եւ հետագայում ամեն տարի 30 մլն ծառ կտնկվի, որպեսզի հասցնեն իրականացնել միջազգային պարտավորություններն ու անտառային զանգվածների մասնաբաժինը երկրի ողջ տարածքի 20,1 տոկոսը: «Աշխատանքները կանցկացվեն պետական հողերում 3300 հա տարածքում: Սկզբնական աշխատանքների համար կընտրվեն հյուսիսային տարածքներ: Հարավում կշարունակվեն հետազոտություններն ու քարտեզագրման աշխատանքները: Բացի այդ, ծրագրի շրջանակում կվերականգնվեն Նորքի անտառները: Այդ աշխատանքները չեն անդրադառնա ինչ-որ մեկի մասնավոր գյուղատնտեսական հողերի, ինչպես նաեւ արգելոցների վրա: 5-6 տարում այդ ծրագրի իրականացման համար կծախսվի մոտ 10 մլն դոլար»,- նշեց նա:
Փոխնախարարը հավելեց, որ հիմնականում սոճիներ կտնկվեն, սակայն ծրագիրը ենթադրում է նաեւ այլ ծառերի տնկում: «Դրանք սկզբնական փուլում կներմուծվեն, եւ այդ նպատակով բանակցություններ ենք վարում ԵԱՏՄ-ի մեր գործընկերների, ինչպես նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ, եւ հետագայում կօգտագործեն արդեն սեփական արտադրության տնկիներ»,- նշեց Վարդան Մելիքյանը:
Նա հավաստիացրեց, որ այդ ծառերը անհրաժեշտ չէ ոռոգել, քանի որ կընտրվեն անտառների համար հարմարեցված տարածքներ: «Ինչ վերաբերում է աշխատուժին, քանի որ ծրագրում ներգրավված է նաեւ մասնավոր հատվածը, դրան կմասնակցեն մեծ թվով մարդիկ: Բացի այդ, սոզոնային աշխատանքների համար մարդկանց կվարձեն: Այդ նպատակների համար անցած տարի ծախսվել է 45 մլն դրամ, ինչը թույլ է տալիս 2 ամսով 1000 մարդու ներգրավվել: Հասկանալի է, որ երբ արդեն 30 մլն ծառ տնկվի, ռեսուրսներն ու ժամանակահատվածը շատ կլինեն՝ մոտ 3-5 հազար մարդ 7-9 ամսով: Պետական հատվածից 10 մլն ծառ տնկելու համար ներգրավվել են բուժհաստատությունների, դպրոցների, զինված ուժերի աշխատակիցներ»,- եզրափակեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ 2019-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020-ի հոկտեմբերի 10-ին երկրում ծրագրվում է 10 մլն ծառ տնկել: