ՃՈ Գյումրու բաժանմունքի 2-րդ դասակի հրամանատարն ընդունեց, որ միջադեպը տեղի է ունեցել իր սխալի պատճառով․ փաստաբան
Երեկվա միջադեպի հետ կապված պարտավոր եմ հաղորդել վերջին զարգացումների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հայկ Հարությունյանը, որը երեկ նշել էր, որ ժամը 16:40-ի 16:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ.Ղանդիլյանը, առերևույթ անցնելով պաշտոնական լիազորությունները, իր մոտ տուգանային հրապարակ բերված ավտոմեքենայի սեփականատիրոջ՝ իր վստահորդի հարցով եկած փաստաբան Հայկ Հարությունյանի վրա հարձակվել է լուտանքներով, վիրավորանքներով, սկսել է հրմշտել, ապա քաշքելով դուրս է հանել աշխատասենյակից եւ շենքից:
«Այսօր ՃՈ Գյումրու բաժանմունքի 2-իդ դասակի հրամանատար մայոր Լ.Ղանդիլյանի խնդրանքով ես ու գործընկերներս այցելեցինք բաժանմունք եւ հանդիպեցինք ինչպես իր, այնպես էլ երեկվա միջադեպին ներկա բոլոր ոստիկանների հետ: Խոսակցության ընթացքում պարոն Ղանդիլյանը, ի պատիվ իրեն, ընդունեց, որ երեկ միջադեպը տեղի է ունեցել իր սխալի պատճառով, անհարկի նյարդայնացել է, որից հետո բոլորի ներկայությամբ ինձնից ներողություն խնդրեց: Ես բարձր եմ գնահատում այս մարդկային վարմունքը եւ այսպիսով հայտարարում եմ, որ կոնֆլիկտը հարթված եւ սպառված եմ համարում: Հուսանք այլեւս ոստիկանական համակարգում նման պատահարներ չեն լինելու եւ փաստաբան-ոստիկան հարաբերությունները լինելու են փոխադարձ հարգանքի եւ գործընկերային մթնոլորտում»,-նշել է փաստաբանը: