Աջակցությունը գյուղացիներին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլեւ փոխհատուցման եղանակով. էկոնոմնախ
Վանաձորում կայացել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների եւ ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ոլորտի գյուղոլորտի պատասխանատուներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոռու մարզի համայնքների ղեկավարներին եւ ֆերմերներին ներկայացվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը եւ կարեւորել այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլեւ փոխհատուցման եղանակով։
Ծրագրերը բխում են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունից, հայտնել են ոլորտի պատասխանատուները եւ հիշեցրել, որ որոշ ծրագրերում սահմանված են մի շարք արտոնյալ պայմաններ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար:
Լոռու մարզի համայնքապետերն ու ֆերմերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես անասնապահության ոլորտում գործող ծրագրերի հանդեպ։
Մասնակիցներին հորդորել են ցուցաբերել ակտիվ մասնակցություն այս ծրագրերին եւ լրացուցիչ հարցերի դեպքում դիմել գյուղատնտեսական խորհրդատվության վարչության Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին։
Իրազեկման արշավներն առաջիկայում կկազմակերպվեն նաեւ հանրապետության մյուս մարզերում։