ԵՏՀ-ում ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նոր նախարար է նշանակվել
2020 թվականի փետրվարի 1-ից աշխատանքի կանցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր անդամ Գեղամ Լեւոնի Վարդանյանը, որը կզբաղվի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով: Որոշումը ԵՏՄ երկրների ղեկավարներն ընդունել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
Գեղամ Վարդանյանն այդ պաշտոնում կփոխարինի Կարինե Մինասյանին:
Նոր նախարարը աշխատանքային փորձ ունի պետական իշխանության մարմիններում: Վերջին շրջանում նա աշխատել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնում, իսկ մինչ այդ զբաղեցրել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:
«Թվայնացում եւ ներքին շուկաների զարգացումը ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների աճի առանցքային դրայվերներից են: Թվային նախագծերի իրականացումը կարագացնի նոր տեխնոլոգիական ձեւին անցումը եւ էլ ավելի բարենպաստ միջավայր կստեղծի Միության ներսում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էական առաջընթացի հասնել խոչընդոտները վերացնելու եւ ԵՏՄ երկրների թվայնացման գործընթացն արագացնելու համար»,- նշել է Գեղամ Վարդանյանը:
Նա նաեւ մեծ փորձ ունի խոշոր միջազգային ընկերություններում: Ավելի քան 10 տարի զբաղեցրել է ղեկավար պաշտոններ National Instruments ավտոմատացված թեստավորման եւ մոդելավորման համակարգերի ծրագրային եւ ապարատային մշակման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում: Գեղամ Վարդանյանը նաեւ ղեկավարել է նաեւ հայկական YEA Engineering առաջատար ընկերության բիզնեսի զարգացման ուղղությունը, ընկերությունը պրոդուկտներ եւ ծառայություններ է մատուցում ինժեներական համալիր լուծումների հարցով տարբեր ոլորտներում:
Գեղամ Վարդանյանն ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: