Դուք կաշխատեի՞ք նման համայնքապետի հետ, թե՞ կբողոքեիք. Նորաշենի ավագանու անդամը՝ Արարատի մարզպետին
Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանի հետ մոտ մեկուկես ամիս փորձել ենք աշխատել, սակայն չի ստացվել, եւ այդ մասին հայտնել ենք մարզպետին: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշեն համայնքի ավագանու անդամ Սամվել Մինասյանը, որը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպումից էր դուրս եկել:
Նա եւ ավագանու մյուս անդամները ցանկություն էին հայտնել, որպեսզի մարզպետի հետ հանդիպմանը ներկա լինեն նաեւ լրատվամիջոցները, սակայն վերջինս չէր համաձայնել, ասելով, թե կհանդիպի միայն մի պայմանով, որ հանդիպումը փակ լինի: Սամվել Մինասյանի խոսքով՝ մարզպետը գոհունակություն է հայտնել, որ իրենք համայնքի խնդիրներին հանգամանալից տեղյակ են, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Մենք ոչ մեկի հետ անձնական խնդիր չունենք, մեր խնդիրները համայնքային եւ պետական են:
Մարզպետը գոնե համաձայներ որոշ ժամանակով փոխել պաշտոնակատարին մինչեւ նոր ընտրությունները»: Ավագանու մեկ այլ անդամ Արմեն Չոբանյանի խոսքով՝ համայնքի բյուջեից փող է դուրս գրվել Ամանորի ծախսերի համար, սակայն իրենք կասկածներ ունեն, որ միջոցառումների համարավելի քիչ է ծախսվել։ Ավագանու անդամները ամանորյա նվեր-տոպրակներից նաեւ իրենց հետ մարզպետարան էին տարել: «Դեկտեմբերի վերջին կատարվել է երեխաների համար տոնածառի միջոցառում եւ 349.700 դրամ փոխանցվել է դրա համար՝ երեխաների նվերների տոպրակի եւ ձմեռ պապի շոուի կազմակերպման համար։ Ամեն տոպրակի արժեքը 842 դրամ է ձեւակերպված, սակայն մեր հաշվարկով 450 դրամը չի անցնում: Նույնը մենք ցույց տվեցիք մարզպետին, նրա արձագանքն այն էր, թե ես մյուս կողմին էլ պետք է լսեմ»,- ասաց Չոբանյանը:
Սամվել Մինասյանի խոսքով՝ մարզպետի հետ հանդիպման ավարտին եւս մեկ անգամ շեշտել է, որ իրենք չեն կարող աշխատել համայնքապետի պաշտոնակատարի հետ.«Մենք այսօր ավելի կարևոր բաներ էլ ունենք ասելու, որոնք խորը գնացող արմատներ ունեն։ Մեր ասածը մարզպետին հետեւյալն էր՝ դուք կաշխատեի՞ք նման համայնքապետի հետ, թե՞ կբողոքեիք: Մենք բողոքում ենք պարոն մարզպետ, փոխի՛ր ժամանակավոր պաշտոնակատարին, մենք նրա հետ չենք կարող աշխատել»: Ավագանու անդամների խոսքով՝ իրենք մարզպետին նաեւ հայտնել են, որ Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ինքն իրեն 300 հազար դրամ պարգեւավճար է գրել. «Մարզպետը խիստ դատապարտեց եւ ասաց՝ անպայման հետ կտա: Խախտվել է օրենքը, իր աշխատավարձից ավելի ինքն իրավունք չուներ իրեն պարգեւատրել»: