Խորհրդարանական մեծամասնությունը կհանդիպի ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ ժամը 14.00-ին
Կառավարող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը հունվարի 30-ին Ազգային ժողովում ժամը 14.00-ին կհանդիպի ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Պատգամավորները նախատեսում են նրա հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում նաեւ ընդդիմության ներկայացուցիչների եւ հայտնի հասարակական գործիչների բերման ենթարկելու փաստերը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին «ասֆալտին փռելով» եւ մեծ աղմուկով բերման են եթարկվել արմատական ընդդիմադիրներ՝ «Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ Արթուր Դանիելյանը, ինչպես նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը։ Ավելի ուշ նրանց բաց են թողել։ Իրավապահների գործողություններն այս կամ այն ձեւով դատապարտել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ բացի իշխողից։