Ճապոնացի մասնագետներն անօդաչու էլեկտրական տրակտոր են ստեղծել
Ճապոնական Kubota ընկերությունը ցուցադրել է իր նորագույն ստեղծագործությունը՝ անօդաչու էլեկտրական տրակտորը, որը կարող է զգալիորեն թեթեւացնել ֆերմերների աշխատանքը։ X tractor անվանումով գյուղատնտեսական մեքենան ներկայացվել է Կիոտոյի ցուցահանդեսում, գրում է Planet Today-ը։
Ճապոնիայի գյուղատնտեսությունը հեշտ ժամանակներ չի ապրում՝ ոլորտում աշխատուժի սուր պահանջարկ կա։ Ենթադրվում է, որ անօդաչու մեքենաները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական տարատեսակ աշխատանքների համար, կկարողանան ուղղել իրավիճակը։ Դրանում X tractor-ի ստեղծողները չեն կասկածում, քանի որ այն հագեցած է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով։
X tractor-ը կառավարվում է հզոր արհեստական բանականության կողմից, որը բազմաթիվ հաղորդիչների եւ տեսախցիկների միջոցով տեղեկատվություն է ստանում շրջակա աշխարհի մասին։ Տրակտորն ունի գեոլոկացիայի համակարգեր եւ կարող է ինքնուրույն շարժվել սովորական եւ բրնձի դաշտերով, ինչպես նաեւ կատարել բազմաթիվ առաջադրանքներ։
Մեքենան, ինչպես հպարտությամբ նշում են դրա ստեղծողները, կարող է վերլուծել եղանակը եւ ինքնուրույն որոշել երբ դուրս գալ դաշտ՝ ցանելու կամ բերք հավաքելու համար։
Թրթուրավոր շարժակները, որոնցով ընթանում է տրակտորը, միացած են էլեկտրական ուժային սարքերի հետ, սակայն դրանց չափորոշիչները չեն հստակեցվում։ Հայտնի է միայն, որ տրակտորն ունի լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք արեւային վահանակներից են լիցքավորվում։