Չինաստանում սկսել են մարդկանց կալանավորել կորոնավիրուսի մասին ֆեյքերի պատճառով
Չինաստանում մարդուն կալանավորել են այն պատճառով, որ նա ֆեյք տվյալներ է տարածել կորոնավիրուսի մասին Տյանցզին քաղաքում, տեղեկացնում է Xinhua-ն՝ հղում կատարելով հանրային անվտանգության քաղաքային վարչությանը (ԱՔՎ)։
Տյանցզինի ԱՔՎ պետ Չեն Յույդունի խոսքով՝ իրենք մշտապես հետեւում են ինտերնետում կորոնավիրուսի մասին հրապարակումներին։ Ոչ ստույգ տեղեկատվության դեպքում կարգախախտին «սպառնում է խիստ հարված օրենքի համաձայն», որպեսզի կանխվի հանրային խուճապը։
Ներկայում ֆեյք տարածողներից մեկը ձերբակալված է, եւս 34 հոգու հետ բացատրական զրույց է տարվել։ Բացի այդ, վեց կարգախախտ կալանավորվել է։
«Հանրային անվտանգության քաղաքային վարչությունը ուժեղացրել է թոքաբորբի տարածման մասին ինտերնետում հայտնված չարամիտ լուրերի վերահսկողությունը»,- ասվում է հայտարարությունում։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները տեղեկացրին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակն է։