«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացված չինացի զբոսաշրջիկի մոտ ռենտգենոլոգիական հետազոտությունը թոքաբորբ չի հայտնաբերել
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացված չինացի զբոսաշրջիկի մոտ ռենտգենոլոգիական հետազոտությունը թոքաբորբ չի հայտնաբերել:
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, դա հիմք է տալիս մտածելու, որ պացիենտի մոտ, ամենայն հավանականությամբ, 2019-nCoV կորոնավիրուս չկա, եւ 37 աստիճան ջերմությունը կարող է սովորական ՍՇՎ-ի հետեւանքով լինել: 2019-nCoV կորոնավիրուսի հատկություններից մեկն այն է, որ վարակման արդյունքում շատերի մոտ կարող է բավականին արագ թոքաբորբ զարգանալ:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Չինաստանի երկու քաղաքացու մեկուսացրել են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի առանձին հիվանդասենյակում։ Չինացիներից մեկի մոտ ջերմությունը 37 աստիճան էր, իսկ մյուսի մոտ հիվանդության ոչ մի ախտանշան չի եղել: Մինչ Երեւան ժամանելը նրանք երկու շաբաթ են անցկացրել Վրաստանում: Մասնագետների խոսքով՝ եթե նրանք վարակված լինեին կորոնավիրուսով, ապա հիվանդությունն այդ ընթացքում կդրսեւորվեր, քանի որ հենց երկու շաբաթ է տեւում ինկուբացիոն շրջանը:
Նշենք, որ Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, սակայն եթե կորոնավիրուսի կասկածանք լինի, կենսաբանական նմուշները հնարավոր կլինի ուղարկել այլ երկրների լաբորատորիաներ: Ակնկալվում է, որ Հայաստանում նման թեստեր կհայտնվեն 10 օրվա ընթացքում: