Քաղաքական հետապնդման են ենթարկվում միայն քաղաքական գործիչները. «Իմ քայլը»
Քաղաքական հետապնդում չեմ տեսնում «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի, «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանի եւ Արթուր Դանիելյանի, ինչպես նաեւ «Հասարակական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ: Այս մասին հունվարի 29-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական հետապնդման կարող են ենթարկվել միայն քաղաքական գործիչները: «Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, քանի որ կա լիովին ժողովրդավարական համակարգ: Կարծում եմ, որ քաղաքական չհամարվող երեւույթներին քաղաքական աստառ տալու փորձերն անօգուտ են»,- ասաց պատգամավորը՝ չբացատրելով, թե ինչպես է ստացվում, որ նշված ընդդիմադիր գործիչները քաղաքական գործիչներ չեն համարվում, եթե մշտապես քաղաքական հայտարարություններ են անում ու կտրուկ քննադատում իշխանություններին: