«Միայն հիբրիդային զենք ունեմ»․ Կոնստանտին Տեր-Նակալյանը ազատ է արձակվել
«Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ազատ արձակվեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից (6-րդ վարչություն)։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր մոտ անձնական խուզարկությամբ որևէ ապօրինի իր չեն հայտնաբերել․
«Ես գալիս էի այստեղ Մալյանին աջակցելու, իմ առաջ ավտո քաշեցին, ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չբերելով ասացին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում, ու բերեցին այստեղ։ Ինձ ասացին, որ բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածով, ինչը զավեշտ է։ Ես որևիցե տեսակի զենք չունեմ, միայն հիբրիդային զենք ունեմ, որը օգտագործվում է սոցիալական ցանցում և համացանցում Նիկոլ Փաշինյանի ստահակ էությունը բարձրաձայնելու համար»։
Նա ասաց, որ «Ադեկվադ» կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը ևս բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածով։