Բելգիայի թագավորն ընդունել է, որ արտամուսնական դուստր ունի
Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը, ԴՆԹ անալիզից հետո, ընդունել է, որ Դելֆինա Բոելի կենսաբանական հայրն է, տեղեկացնում է տեղի RTBF հեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով փաստաբանների հայտարարությանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նորին մեծություն թագավոր Ալբերտ II-ը ի գիտություն է ընդունել ԴՆԹ անալիզի արդյունքները, որին նա մասնակցել է Բրյուսելի Վերաքննիչ դատարանի պահանջով։ Գիտական եզրակացությունները վկայում են, որ նա մադամ Դելֆինա Բոելի կենսաբանական հայրն է»,- հեռուստառադիոընկերությունը մեջբերում է թագավորի փաստաբանների հայտարարությունը։
Բայց թագավորը չի ընդոնել «հանրային» հայրությունը։ Նա նշել է, որ ծնվելու պահից Բոելը չի մասնակցել ընտանեկան ոչ մի որոշման կայացմանը։
Դելֆինա Բոելի մայրը՝ բարոնուհի Սիբիլ դը Սելիս Լոնգշամը, երկար ժամանակ թաքցրել է աղջկանից, թե ով է նրա հայրը։ Միայն 18 տարեկանում Դելֆինան մորից իմացել է, որ միապետի արտամուսնական դուստրն է։ Այն ժամանակ դեռեւս արքայազն Ալբերտի եւ բարոնուհու կապը շարունակվել է 16 տարի, բայց արդեն թագավոր դառնալով՝ նա այդպես էլ Դելֆինային չի ճանաչել որպես իր դուստր։ Իրավաբանորեն նրա հայրն է համարվում բարոնուհու նախկին ամուսինը՝ տոհմիկ արդյունաբերող Ժակ Բոելը, որը վաղուց բաժանվել է կնոջից եւ, համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների, Դելֆինային իր կտակում չի ընդգրկել։
Դատավարությունն սկսվել է 2013 թվականի հունիսից Դելֆինա Բոելի կողմից, երբ Ալբերտ II-ը՝ որպես պետության գործող ղեկավար, լիակատար իմունիտետ ուներ։ Ավագ որդու՝ Ֆիլիպի օգտին գահից հրաժարվելուց հետո նա պահպանեց թագավորի տիտղոսը, բայց կորցրեց իրավաբանական անձեռնմխելիությունը։ Հաստատված ազգակցության շնորհիվ Բոելը կարող է հավակնել ժառանգության մի մասին։