Ի՞նչ է հիմա տեղի ունենում կորոնավիրուսի էպիկենտրոնում. Պատմում են Ուհանում բնակվող արտասահմանցիները
2019-nCoV կորոնավիրուսի բռնկումը Ուհանն անճանաչելիորեն փոխել է, որը Չինաստանի խոշոր քաղաքներից մեկն է: Քաղաքի, ինչպես եւ այլ քաղաքների հետ ավտոբուսային, երկաթուղային եւ ավիահաղորդակցությունը հիմա ընդհատվել է, որ կանխվի վիրուսի տարածումը: Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ եւ ամեն տեղ բժշկական դիմակներ են կրում:
Ռուսաստանցի Սաբինա Պոլյակովան, որն արդեն 8 ամիս ապրում է Ուհանում, ria.ru-ին պատմել է, որ քաղաքում իրավիճակը վատթարանում է:
«Ես ինձ ֆիզիկապես նորմալ եմ զգում, բայց տրամադրությունս ընկճված է, որովհետեւ քաղաքը փակ է, եւ ես չեմ կարող որեւէ տեղ գնալ հանգստանալու, չնայած նախատեսել էի հարավ ծով գնալ: Ընդհանրապես փակ քաղաքում մեծ ճնշում, սթրես ես զգում: Դրան հավելած երկար ժամանակ եղանակն ամպամած է: Ճնշող վիճակ է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ վերջերս եղել է Ուհանի Հուանան ծովամթերքի մեծածախ շուկայում, որը համարվում է վարակի տարածման աղբյուրը: Վիրուսի հայտնաբերումից հետո շուկան փակել են եւ ախտահանել: