«Էս զե՞նք եք բերել ԱԺ նիստերի դահլիճ». Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Գորգիսյանին, ով իր հետ բումերանգ էր բերել ԱԺ (Տեսանյութ)
Մենք կրկին ֆունդամենտալ բախման առջեւ ենք կանգնած. Մենք խոսում ենք երեւույթներից, համակարգերից, բայց պատասխանը լինում է կրկին անձերով պայմանավորված: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Մենք ասում ենք՝ միասին պայքարում էինք, որպեսզի դպրոցների հոգաբարձուների խորհուրդներում չլինեն քաղաքականացված դեմքեր, ընտրությունները չլինեն քաղաքականացված, դուք ասում եք՝ մեր կուսակցական անդամները դեռեւս ներկուսակցական տնօրեններ չեն ընտրել: Մենք նորից գալիս ենք բարի թագավորի եւ համակարգ կառուցելու երկընտրանքի առաջ»,-ասաց Գորգիսյանը:
Դա դիմեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով. «Պարոն նախարար ջան, եթե մենք խոսում ենք անցյալում մնալու մասին, ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ դուք չեք գիտակցել, որ դուք արդեն ,5 տարի իշխանություն եք, եւ էլ չկան այլ իշխանություններ, ում դեմ պետք է պայքարել: Դուք պետք է նոր համակարգեր կառուցեք: Եթե կան խնդիրներ, հին գործիքներով նոր արդյունքի չենք կարող հասնել, որովհետեւ մենք միասին էինք պայքարում այդ խնդիրները այդ գործիքներով լուծելու դեմ»:
Նա նշեց, որ իշխանությունն իրենց մեղադրում է հին հռետորաբանության մեջ մնալու մեջ, ապա գրպանից հանեց իսկական բումենագ ու շարունակեց. «Սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս: Փորձե՞նք»:
ԱԺ նախագահն արձագանքեց. «Էս զե՞նք եք բերել ԱԺ նիստերի դահլիճ»:
Գեւորգ գորգիսյանը պատասխանեց, որ սա հուշանվեր է. «Խնդրում եմ, եկեք հարգենք ինստիտուտներն առաջին հերթին եւ այս ամբիոնից ԱԺ-ի հետ չխոսենք քամահրանքով, բարձր տոնայնությամբ եւ վերեւից: Մենք խորհրդարանական երկիր ենք ուզում կառուցել, եւ մենք ուզում ենք, որ իրար հարգելով, իրար օգնելով լուծենք այն բոլոր խնդիրները, որ կուտակվել են: Չի կարելի անընդհատ հետ գնալ հին խոսակցությանը, թե ով է սեւ, ով՝ սպիտակ, ով է հին, ով է նոր: Ուղղակի եկեք աշխատենք ու կառուցենք»:
Նրա խոսքի վերջում Արարատ Միրզոյանը ժպիտով ասաց. «Պարոն Գորգիսյան ջան, հարց չկա, ավելի մեղմ իրար նկատմամբ դիրքավորվենք, բայց էլ զենք մի բերեք ԱԺ նիստերի դահլիճ»: