Հայաստանը մտադիր է տիեզերական հետազոտությունների ոլորտում զարգացնել «Ռոսկոսմոսի» հետ համագործակցությունը
Հայաստանը մտադիր է տիեզերական հետազոտությունների ոլորտում ակտիվորեն զարգացնել «Ռոսկոսմոսի» հետ համագործակցությունը: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Տիեզերական գործունեության մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքների քննարկման ընթացքում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ ոչ վաղ անցյալում Բյուրականի աստղադիտարանի տարածքում բացվեց Ռուսաստանի գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի կայանը, որը հնարավոր կլինի միացնել մշակվող նախագծերին: Այդ նախագծերի թվում Արշակյանը նշեց հեռահար զոնդավորման համար ալգորիթմների մշակումը, որը հնարավոր կլինի կիրառել գյուղատնտեսական հողերի քարտեզագրման, ջրային ռեսուրսների վիճակի ուսումնասիրման, սահմանների կառավարման, անտառների վերահսկման համար եւ այլն: Նա նաեւ նշեց տվյալ ոլորտում ԱՊՀ բոլոր երկրների հետ համագործակցության մեծ պոտենցիալը: «Հայաստանում տիեզերական գործունեության վերականգնումը ստիպված կլինենք սկսել զրոյից: Տիեզերքի ոլորտն ակտիվորեն զարգանում է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանի դեպքում կարող է դառնալ հզոր արդյունաբերական ոլորտ»,- ասաց նախարարը:
Նշենք, որ տվյալ օրենսդրական փաթեթով նախատեսվում է Հայաստանում տիեզերական գործունեությամբ զբաղվել ցանկացող ընկերություններին մինչեւ 2030 թվականը հարկային արտոնություններ տրամադրել: Բացի այդ, տվյալ գորունեությամբ զբաղվելու համար ծրագրվում է կիրառել ընկերությունների լիցենզավորման պրոցեսը, որի համար ընկերությունները պետք է վճարեն 10 մլն դրամի չափով տարեկան պետական տուրք: Նախարարը նշեց, որ այժմ բանակցություններ են ընթանում մի քանի ընկերությունների հետ հանրապետությունում արբանյակների արտադրության, դրանց սերտիֆիկացման, ապագայում նաեւ նախագծային լուծումներով արբանյակների արտադրության համար: Փաստաթուղթը ներառում է նաեւ պահանջներ վթարների դեպքում: Տվյալ ոլորտով զբաղվող ընկերությունների գործունեությունը պետք է ապահովագրված լինի բոլոր տեսակի ռիսկերից: Բացի այդ, տիեզերական օբյեկտների շահագործման փոխանցումը մեկ անձից մյուսին ենթակա է համաձայնեցման: