Կառավարությունն առաջարկել է 1-2 տարով հետաձգել «Էներգետիկայի մասին» օրինագծի ընդունումը. փոխնախարար
Կառավարությունն առաջարկել է այս օրինագծի ընդունումը 1-2 տարով հետաձգել, որի ընթացքում ընդունվելու են համալիր որոշումներ: Այս մասին հունվարի 24-ին ԱԺ նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ բանն այն է, որ ներկայումս հանքարդյունաբերության ոլորտում հայտարարագրերի ձեւակերպման հետ կապված խնդիրներ են առաջացել: Այս կապակցությամբ առաջարկվում է քննարկումները հետաձգել ավելի ուշ, մինչեւ նախաձեռնությունն ամբողջությամբ կգործի հանքարդյունաբերության ոլորտում, որից հետո հնարավորություն կառաջանա այն տարածել նաեւ գործունեության մյուս ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի վրա: «Այս հարցում կարեւոր է համալիր, այլ ոչ թե հատվածական որոշման ընդունումը»,- շեշտեց փոխնախարարը:
Նշենք, որ Հայաստանում ներկայումս գործում է 185 փոքր ՀԷԿ, որոնց իրական սեփականատերերի մասին հանրությանը քիչ բան է հայտնի: Նրանց մասին տեղեկություններ են պարբերաբար հայտնվում լրատվամիջոցներում: Հիշեցնենք նաեւ, որ փոքր ՀԷԿ-երի կողմից թույլ տրված չարաշահումները գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում են հայտնվել թավշյա հեղափոխությունից հետո: Մասնավորապես՝ դատախազությունը պարզել է, որ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի մեծ մասը երկար տարիներ շարունակ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, սակայն բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները դրանք ուղղելու միջոցներ չեն ձեռնարկել: