Ազատումներ, նշանակումներ ոստիկանությունում. Երևանը նոր փոխոստիկանապետ ու ՊՊԾ գնդի հրամանատար ունի
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարդային լուրջ փոփոխություններ է սկսել համակարգում: Հատկապես փոփոխություններ են արվել մայրաքաղաքում, ինչի արդյունքում, բացի Կենտրոնի եւ Արաբկիրի ոստիկանապետներից, մյուսները կա՛մ կադրերի ռեզերվ են ուղարկվել, կա՛մ տեղափոխվել են:
Մասնավորապես, կենտրոնական ապարատում արված փոփոխությունների արդյունքում Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը ազատվել է պաշտոնից. ոստիկանապետի պաշտոնակատարի հրամանով՝ նա նշանակվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ:
ՀԺ-ի տեղեկություններով՝ Արման Սարգսյանի հրամանով՝ Երեւանի փոխոստիկանապետ է նշանակվել ՊՊԾ գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:
Ըստ այդմ՝ ՊՊԾ գնդի հրամանատար է նշանակվել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանը:
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Էրեբունու ոստիկանապետ Վարդան Վարդանյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը:
ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
Հիշեցնենք, որ Արման Սարգսյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Երեւանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինում է ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը: