Անասնաբուծությամբ զբաղվողների բողոքի ակցիան շարունակվում է. Նրանք ճանապարհներ են փակել Արմավիրում և Արարատում
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, անասնաբուծությամբ զբաղվողները, որ դժգոհում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից, բողոքի ակցիա են անցկացնում Արմավիրի և Արարատի մարզերում:
Մի քանի տասնյակ գյուղացիներ փակել են Երևան-Արարատ և Երևան–Արմավիր ճանապարհները: Ցուցարարների հետ հանդիպման էր եկել մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Բողոքի ակցիա է տեղի ունենում նաև Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել:
Անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։