Տասնյակ ահաբեկիչներ տանկերով հարձակվել են Սիրիայի զինված ուժերի վրա
Մոտ 50 զինյալներ տանկերով և մարտական մեքենաներով հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա Իդլիբ նահանգի Աբու Ջրեֆ գյուղի տարածքում: Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 18-ին, հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորնկովը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ հարձակումը սկսվել է հունվարի 17-ին: «Զինյալների առաջխաղացումը եղել է մինչև 1,2 կմ խորությամբ և մինչև 500 մետր ճակատով», – պարզաբանել է Բորնկովը: Նա հավելել է, որ ջիհադիստները վեց տանկ են օգտագործել սիրիական բանակի դիրքերի վրա հարձակվելու համար:
Կառավարական ուժերին հաջողվել է հետ մղել ահաբեկիչների հարվածը, ուստի նրանք ստիպված են եղել նահանջել:
Այնուամենայնիվ, տարածքում բախումները շարունակվել են հունվարի 18-ին՝ նշել է կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ հարձակումների համար պատասխանատվությունը կրում են «Խայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալները։