Բաքվում հայերի ջարդի կազմակերպման գործում մեծ է Հեյդար Ալիևի դերը. փորձագետ
Բաքվում հայերի ջարդի կազմակերպման գործում մեծ է այդ ժամանակ դեռեւս Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար Ալիեւի դերը: Այս մասին ասել է նաեւ քաղաքագետ Արիֆ Յունոսովը, որը բերել է հարցազրույցից Ալիեւի կողմնակցի խոսքն այն մասին, որ իրենք արյան կարիք ունեին եւ որքան շատ, այնքան լավ: Այս մասին հունվարի 17-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Նա հավելեց, որ այդ իրադարձություններում Ալիեւի դերն ընդգծել է նաեւ ռուս գրող Կիրիլ Ստոլյարովը, որն իր գրքում բերում է վերջինի խոսքն այն մասին, որ չպետք է արյունից վախենալ, եւ այն որքան շատ լինի, այնքան լավ կլինի: «Այդ մարդիկ սեփական քաղաքացիների, այդ թվում՝ հայերի արյան կարիքն ունեին: Դրա դրսեւորումը եղան նաեւ Խոջալուի իրադարձությունները, որոնք Ադրբեջանում ներքաղաքական գործընթացների հետեւանք էին»,- պարզաբանեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որի ժամանակ, պաշտոնական տվյալներով, զոհվեցին 27 եւ վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում քաղաքից հեռացավ 18 հազար հայ: Երկու տարի անց՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, հայերի զանգվածային ջարդ տեղի ունեցավ արդեն Բաքվում: Զոհվեց մոտ 100 մարդ, ավելի քան 200 հազարը վտարվեց: