Վաղարշապատի դպրոցում եռօրյա ժամկետում տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ
Ամեն ինչ լինելուն է իր սահմանված կարգով։ Եռօրյա ժամկետում տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ եւ առավելագույնը 3 ամսում մրցույթը կկայանա։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար ` Սոնյա Բուդաղյանը՝ անդրադառնալով Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարակն տալուն եւ դպրոցում տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարելուն։
Նրա խոսքով՝ այս պահին կարեւորն այն է, որ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է. «Որբաթ կամ Երկուշաբթի կհայտարարվի մրցույթ։ Կարեւրոը, որ դասապրոցեսը վերականգնվել է եւ խնդիրը համարում ենք լուծված։ Կառավարման խորհուրդը նիստ կանցկացնի եւ մրցույթը կհայտարարի։ Օրը կհրապարակվի նախարարության եւ մարզպետարանի կայք էջերում։ Իհարկե կա ժամկետ, առավելագույնը 3 ամիս»։
Համայնքի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երկուշաբթի օրվանից դպրոցում դասերը բնականոն հունով են ընթանում. «Երեկ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականի թուղթը եկել է եւ այս պահին ունենք ժամանակավոր պաշտոնակատար, որը դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Խաչատրյանն է։ Ամեն ինչ նորմալ է, աշակերտները գալիս են դասի, ոչ մի խնդիր չկա»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում աշակերտները, նրանց ծնողները եւ ուսուցիչները գործադուլ եւ դասադուլ են արել ընդդեմ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի։ Դասադուլը շարունակվել է նաեւ այս տարի։ Երեկ դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 օր առաջ հրաժարականի դիմում է գրել, քանի որ լինելով երկար տարիների փորձ ունեցող մանկավարժ, չի ընդունում աշակերտների բացակայությունները։ Նրա խոսքով՝ այս ամենը կազմակերպել են ուսուցչական կոլեկտիվը՝ երեխաներին օգտագործելով, որպես վահան։ Ոսկանյանի խոսքով՝ ինքը մնում է իր այն կարծիքին, որ կազմակերպիչներից մեկը նույն դպրոցի քիմիայի ուսուցչուհու ամուսին Արթուր Հովհաննիսյանն է, որն աշակերտի ծնող չէ եւ այդ ամենն անում է, որպեսզի իր կինը դառնա դպրոցի տնօրեն։