Երբ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից դուրս գրվի, մեր ակցիաները կվերսկսվեն․ Ջիվան Աբրահամյան (Տեսանյութ)
Մենք եկել էինք ճշտելու ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Այս մասին «Նաիրի» ԲԿ-ի մոտ այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը։
«Մեզ բուժհաստատության փոխտնօրենն ասաց, որ նա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Մենք եկել էինք՝ տեսնելու դուրս գրելու հավանականությունն ինչքան է, փոխտնօրենն ասաց, որ նույնիսկ ծիծաղելի է այդ հարցը»,-նշեց նա։
Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ քանի դեռ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է, իրենք ակցիաներ չեն անի․
«Քանի դեռ Մանվել Գրիգորյանը գտնվում է հիվանդանոցում, մենք չենք պատրաստվում որևէ ակցիա իրականացնել, իսկ եթե դուրս գրեն և նա հանգիստ տեղաշարժվի, մեր ակցիաները կվերականգնվեն։ Էջմիածնում իրեն վաղուց չեն ուզում տեսնեն։ Մանվել Գրիգորյանն էջմիածինցիների հանդեպ իր բոլոր արարքներից հետո բարոյական և մարդկային իրավունք չունի գտնվել Էջմիածին քաղաքում և ապրել իր շռայլ կյանքով։ Այսինքն մենք մարդու առողջական խնդրի պարագան դիտարկում ենք և ցանկանում ենք, որ Մանվել Գրիգորյանը բուժվի և օրենքի առաջ պատասխան տա, բայց միևնույն ժամանակ ունենք մտավախություն, որ այս ամենը կարող է ֆիկցիա լինել իր կողմից, նոր կլոունադա։»
Հիշեցնենք, որ երեկ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված դատական նիստում որոշվեց՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվել, նա ստորագրությամբ ազատ արձակվեց։