Եղվարդի ծննդատան պետական ֆինանսավորումը կարող է երկարաձգվել մեկ տարով. նախարար
Եղվարդի ծննդատան պետական ֆինանսավորումը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով, եթե պարզվի, որ այն համապատասխանում է տեխնիկական հագեցվածության եւ անձնակազմի առնչությամբ նախարարության սահմանած չափորոշիչներին: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի մարզերում որոշ ծննդատների ֆինանսավորումը դադարեցվում է այս տարվանից, քանի որ այդ ծննդատներում ընդունում են գրեթե 150 ծնունդ, իսկ 150-ը նվազագույն շեմն է: Եղվարդի ծննդատանը 2019 թվականին ծնվել է 136 երեխա. այդ թիվն ամենից մոտն է անհրաժեշտ նվազագույնին, այդ պատճառով, եթե ծննդատունը համապատասխանի այլ պահանջներին, ապա ֆինանսավորումը կերկարաձգվի եւս մեկ տարով: Եվ եթե 2020 թվականին այդ ծննդատանը ծնված երեխաների թիվն աճի, ապա ֆինանսավորումը կշարունակվի նաեւ առաջիկա տարիներին:
Նախարարի խոսքով՝ տարբեր բուժհաստատություններում ծննդաբերական բաժանմունքների հետ կապված որոշումը դժվար թե փոխվի, քանի որ այնտեղ ոչ միայն շատ քիչ երեխաներ են ծնվում, այլ նաեւ այն պատճառով, որ դրանք չեն համապատասխանում ո՛չ տեխնիկական հագեցվածության, ո՛չ անձնակազմի առնչությամբ պահանջներին:
Նախարարի խոսքով՝ ֆինանսավորումը դադարեցվել է միայն այն բուժհաստատությունների համար, որոնցից ոչ հեռու՝ 10-30 կմ հեռավորության վրա, գտնվում են այլ ծննդատներ, որոնք ծառայություններ են մատուցում բարձր մակարդակով: