Porsche-ն ուզում է արտոնագրել «թռչող ափսեները»
Գերմանական Porsche ընկերությունը արտաքինից Երրորդ ռեյխի «թռչող ափսե» հիշեցնող յուրահատուկ տրանսպորտային միջոցի արտոնագրման հայտ է ներկայացրել, գրում է Naked-Science-ը։
Աերոմոբիլների ստեղծման ծրագրի մասին Porsche-ում առաջին անգամ խոսել են 2018թ․։ Կոմպակտ թռչող սարքի մշակման նախագիծը ներառված էր ընկերության զարգացման մինչեւ 2025թ․ ռազմավարության մեջ։ Իսկ անցյալ տարվա հոկտեմբերին Porsche-ի ներկայացուցիչները ուղղահայաց թռչող եւ վայրէջք կատարող էլեկտրական սարքի ստեղծման համատեղ աշխատանքի հուշագիր էին ստորագրել Boeing-ի հետ։
Պարզվել էր, որ դեռեւս 2019-ի ամռանը Porsche ընկերությունը երկու արտոնագրային հայտ էր ներկայացրել՝ մեկը թռչող սարքի, իսկ երկրորդը դրա ուժային հատկանիշների համար։ Արտոնագրման նյութերից նկարները հրապարակվել էին անգլալեզու Taycan EV համաժողովում։
Porsche-ի աերոմոբիլները արտաքինից հիշեցնում են սկավառակաձեւ թռչող սարքեր, որոնց ստեղծման համար ակտիվորեն աշխատել են նացիստական Գերմանիայի ավիաինժեներները։ Ստեղծողները մտածել են հետաքրքիր սխեմա՝ չորս պտուտակներով։ Փոքր չափի երկու պտուտակները գտնվում են թեւերի առջեւի մասում եւ ուժեղ ամրացված են, իսկ մեծ չափի պտուտակները սարքի հետեւի մասում են եւ կարող են շրջվել թեւի մակերեւույթին ուղղահայաց։
Արտոնագրերի նյութերում նաեւ մանրամասն դիտարկվում է բարձրավոլտ մարտկոցների սառեցման համակարգը խցում։
Ենթադրվում է, որ յուրահատուկ սարքը կօգտագործվի որպես աերոտաքսի։ Մեքենայի առաջին օրինակների հայտնվելու ժամկետը դեռեւս հայտնի չէ, սակայն ակնկալվում է, որ դա տեղի կունենա մինչեւ 2025թ․։ Porsche-ի վերլուծաբանների տվյալներով՝ դրանից հետո քաղաքային ավիատրանսպորտի շուկան կսկսի բուռն զարգանալ։