Բորիս Ջոնսոնը կոչ է արել փոխարինել իրանական համաձայնագիրը Թրամփի գործարքով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրանական միջուկային գործարքը փոխարինել նրա սեփական նոր համաձայնագրով, որպեսզի իսլամական հանրապետությունը չստանա միջուկային զենք, տեղեկացնում է Reuters-ը։
«Եթե մենք պատրաստվում ենք ազատվել դրանից, ապա եկեք այն փոխարինենք Թրամփի գործարքով,- ասել է Ջոնսոնը՝ խոսելով իրանական միջուկային համաձայնագրի մասին, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ)։- Դա հիանալի տարբերակ կլիներ»։ «Նախագահ Թրամփը, իր իսկ խոստովանությամբ, հիանալի բանակցող է։ Եկեք միասին աշխատենք ԳՀՀԾ-ն փոխելու ուղղությամբ եւ դրա փոխարեն Թրամփի գործարք կնքենք»,- ասել է Ջոնսոնը։ «Եթե դուք ազատվեք միջուկային գործարքից, ԳՀՀԾ-ից, դա այն է, ինչ ուզում է Թրամփը։ Ես ցանկանում եմ ասել մեր ամերիկացի բարեկամներին, որ... այսպես թե այնպես դուք պետք է իրանցիներին թույլ չտաք միջուկային զենք ունենալ»։
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան երեքշաբթի կգործարկեն վեճերի կարգավորման մեխանիզմ միջուկային գործարքի շրջանակում, իր պարտավորություններից Թեհրանի հրաժարման ֆոնին, տեղեկացրել են երկու եվրոպական դիվանագիտական աղբյուրներ։ Գործընթացը վերջնարդյունքում կարող է հանգեցնել պատժամիջոցների վերականգնման, որոնք գործում էին մինչ այդ ՄԱԿ բանաձեւերին համապատասխան։ Սակայն դիվանագետներն ասել են, որ փորձում են կարգավորել հակասությունները, այլ ոչ թե վերականգնել սահմանափակումները։