Բանակում մահացած եզդի զինծառայողի գործը ՔԿ-ի ՀԿԳ-ում է
Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործն ուսումնասիրության նպատակով տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով վարչություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Աջամյանի հարազատները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս խոստացել էր անձամբ հետևել գործի ընթացքին։
Նշենք, որ մինչև վարչապետի հետ հանդիպումը հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք փակել էին Տիգրան Մեծի պողոտան։