Հարյուրավոր գիշանգղեր գրավել են ամերիկյան պարեկային աշտարակը
Դաշնային պաշտոնյաները միջոցներ են որոնում 300 գիշատիչ թռչուններին իրենց տեղից տարհանելու համար։
Մոտ 300 գիշանգղեր բնակություն են հաստատել Քինգսվիլում ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ հսկիչ-ծառայության ռադիոաշտարակի վրա, հայտնում է UPI-ը։
Աշտարակի բարձրությունը կազմում է 97,5 մ։ Գիշանգղերը բույն են հյուսում կոնստրուկցիաների, բազրիքների, հենասյուների, ինչպես նաեւ ռելսերի եւ խողովակաշարերի վրա։ Պաշտոնյաները «կենսունակ զսպող գործոն» են փնտրում, որպեսզի զավթիչներին տարհանեն ռազմավարական օբյեկտից։
«Քանի որ թռչունների այստեղ գտնվելը գրավում է այլ թռչունների, այս աշտարակը մշտական խայծ կլինի գիշանգղերի համար»,- բողոքում են ծառայության աշխատակիցները։
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացնում է, որ թռչնի ծերտը կարող է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ առաջացնել, դժվարացնել տեխնիկական ապահովումը եւ բացասական այլ հետեւանքներ ունենալ կառույցի վրա։