Ֆիլիպիններում Տաալ հրաբխի ժայթքման պահին ամպրոպ է սկսվել (Տեսանյութ)
Ֆիլիպիններում Տաալ հրաբխի ժայթքման պահին ամպրոպ է սկսվել։ Հազվադեպ եղանակային երեւույթի տեսանյութը հրապարակել է NBC News-ը։
Ականատեսների կողմից նկարահանված այս եւ այլ տեսահոլովակներում երեւում է, թե ինչպես են կայծակները մխրճվում հրաբխային մոխրի ամպի մեջ, հայտնում է Lenta-ն։
Հրաբխի ժայթքման պատճառով մայրաքաղաք Մանիլայում դադարեցվել է դպրոցների եւ ձեռնարկությունների աշխատանքը։ Ավելի քան 16 000 բնակիչներ տարհանվել են կղզուց, որտեղ գտնվում է հրաբուխը, որը այս պահին ակտիվ հրաբուխներից ամենափոքրն է աշխարհում։
Արդեն երկրորդ օրն է՝ Տաալի խառնարանից մոխիրը ժայթքում է։ Այն ավելի քան 240 չվերթների հետաձգման պատճառ է դարձել։ Սեյսմոլոգները նախազգուշացնում են, որ կա առավել վտանգավոր աղետի՝ մագմայի ժայթքման հավանականություն, որը կարող է ցունամիի պատճառ դառնալ։