«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավարը սպառնացել է ՄԻԵԴ դիմելով
Ցանկանում եմ, որ պետությունն ուժեղ լինի եւ լուծի Արամի 23 հասցեի շենքի հարցը: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Նրա խոսքով՝ շենքի քանդվելուց հետո մեկ տարի անց ոչինչ չի փոխվել, ավելին՝ երգչախումբը ծանր վիճակում է «Էյ Էմ Սի» ՓԲԸ (ընկերությունը կապ ունի շվեյցարացի հայազգի միլիոնատեր Վարդան Սրմաքեշի հետ – խմբ.) գործողությունների, իսկ ավելի ճիշտ՝ անգործության պատճառով, որը հնգակողմ պայմանագրի համաձայն՝ պետք է փող վճարի:
«Այս պահին մենք ֆինանսական պարտավորություններով կապված ենք իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերության հետ, որն իր հերթին կարող է մեզ դատի տալ: Մենք չէինք ցանկանա վեճը տան պատերից դուրս բերել, բայց եթե հայկական դատարանը չկարողանա մեր հարցը լուծել, ապա ստիպված կլինենք ՄԻԵԴ դիմել»,- նշեց նա:
«Սկզբում Երեւանի փոխքաղաքապետի հետ փոխգործակցության արդյունքում հաջողվեց ընկերությունից հասնել պայմանագրով նախատեսված փողի վճարման մեկ ամսվա համար, հետո ես որոշեցի այդ հարցով ինքս զբաղվել, բայց ընկերությունը դադարեց վճարել նույնիսկ այն բանից հետո, երբ ես դիմեցի Ավինյանի օգնականին: Ստացվում է, որ ՓԲԸ-ն այնպիսի ազդեցություն ունի, որ նրա վրա չի կարող ներգործել ոչ մի պետական մարմին»,- ընդգծեց գեղարվեստական ղեկավարը:
Նա պարզաբանեց, որ ներկայացված նախագիծը սկզբում չափազանց թանկ է համարվել, սակայն մի քանի ամիս հետո ընդունվել է, ընդ որում՝ ինչպես նախագիծը, այնպես էլ սեփականատիրոջ անունն օգտագործվել են այս մասին առանց վերջիններին տեղեկացնելու:
Հեքեքյանը չբացառեց, որ այդ ամենը կարող է կապ ունենալ խոշոր կոռուպցիոն շահերի հետ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատրյանը հայտարարեց, որ մշակույթի նախարարությունը մշտապես հանդես է եկել շենքի վերականգնման օգտին:
«2 ամիս առաջ նախարարությունը ներկայացրեց շենքի վերականգնման նախագիծը: Հետագա գործառույթները պետք է ստանձնեն համապատասխան կառույցները»,- նշեց նա:
Ճարտարապետ Դավիթ Նահատակյանը պարզաբանեց, որ հնգակողմ պայմանագիրը ստորագրվել է մշակույթի նախարարության, «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա»-ի, «Էյ Էմ Սի» ՓԲԸ-ի, Երեւանի քաղաքապետարանի եւ Տիգրան Հեքեքյանի կողմից, փաստաթղթի ժամկետը լրացել է 2019 թվականի մայիսի 31-ին, սակայն առաջին փուլը չի իրականացել այն պատճառով, որ «Էյ Էմ Սի» ՓԲԸ-ն վճարումներ չի կատարել:
«Հարց է առաջանում՝ ինչու է թույլատրվել շինարարությունը, եթե շենքի տակ հիմա էլ տեսանելի են հին Երեւանի պատմական շերտերը, որոնք չեն ուսումնասիրվում եւ չեն վերականգնվում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 11-ին փլուզվել էր Երեւանի Արամի 23 հասցեում գտնվող մշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը։ Հենց այդ շենքում է գործում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: