Իրանական գործակալությունը հրապարակել է անօրինական ցույցերի գոտում բրիտանացի դեսպանի մասնակցությամբ տեսանյութը
Իրանական Tasnim գործակալությունը երկուշաբթի հրապարակել է տեսագրությունը, որում պատկերված է Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը անօրինական ցույցերի գոտում: Տեսանյութը հասանելի է գործակալության Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կադրերում երեւում է երկու տղամարդ: Նրանցից մեկն արտաքնապես նման է Մաքեյրին: Նրանք կանգնած են մարդկանց շրջապատում եւ զրուցում են: Հետեւի ֆոնին լսվում են կրակոցներ, սուլոցներ, որոնք բնորոշ են զանգվածային ցույցերին:
Tasnim-ը տեսանյութն անվանում է «ոստիկանության կողմից տարածած առաջին տեսագրությունը, որում երեւում են Մեծ Բրիտանիայի դեսպանն ու նրա ընկերը Թեհրանում տեղի ունեցած անօրինական ցույցերի ժամանակ»:
Tasnim գործակալությունը հունվարի 11-ին հայտնել էր, որ Իրանի իրավապահ մարմինները Մաքեյրին ձերբակալել եւ մի քանի ժամ անց բաց էին թողել այն պատճառով, որ նա մասնակցել էր բողոքի ցույցին եւ Ամիր Քաբիրի անվան Տեխնոլոգիական համալսարանի մոտ ցույցի ժամանակ փորձել էր ղեկավարել բազմությանը: Մաքեյրը հունվարի 12-ին հրավիրվել էր Իրանի ԱԳՆ:
Ինքը՝ դիվանագետը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, այլ միայն փորձել է հարգանքի տուրք մատուցել ուկրաինական Boeing 737 օդանավի աղետի զոհերի հիշատակին եւ ակցիայի անցկացման վայրից հեռացել է 5 րոպե հետո:
Տեսանյութն՝ այստեղ