Աբխազիայի նախագահի վարչակազմի շենքից գողացել են Խաջիմբայի պարգևները
Լիազորությունները վայր դնելու մասին հայտարարած Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի պարգեւները գողացել են նրա վարչակազմի շենքից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գողացել են նախագահի բոլոր պարգեւները, որոնք պահվել են շենքի սեյֆերում, թալանվել է զենքի սենյակը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Կիրակի երեկոյան Խաջիմբան հայտարարել է իր լիազորությունների դադարեցման մասին: Նա Աբխազիայի նախագահն էր 2014 թվականից, 2019 թվականի սեպտեմբերին վերընտրվել էր:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Սուխումում ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը՝ ներխուժելով նրա վարչակազմի շենք: Երկրի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է հրաժարական տալու կոչով նախագահին ուղղված դիմումը:
Հունվարի 10-ին Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքների մասին երկրի ԿԸՀ որոշումն ու նոր ընտրություններ նշանակել: Նոր ընտրություններ են նշանակվել մարտի 22-ին: Խաջիմբայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կբողոքարկի ԿԸՀ որոշումը: