Ճապոնացի միլիարդատերը փնտրում է զուգընկերուհու դեպի Լուսին թռիչք կատարելու համար
Երիտասարդ ճապոնացի միլիարդատեր եւ կոլեկցիոներ Յուսակու Մայեձավան պաշտոնապես հայտարարել է մրցույթ կանանց շրջանում իր հետ դեպի Լուսին թռնելու համար:
«Յուսակու Մայեձավան փնտրում է զուգընկերուհի դեպի Լուսին թռիչք կատարելու համար: Նա վաղուց երազել է տիեզերք թռիչքի մասին: Նա փնտրում է յուրահատուկ մեկին դեպի յուրահատուկ վայր համատեղ թռիչքի համար»,-նշված է mz.abema.tv կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հայտարարության տեքստում միլիարդատիրոջ ծրագիրը կոչվում է խնամախոսության նախագիծ եւ նշվում, որ Մայեձավան «փնտրում է կյանքի ուղեկից»:
Հայտարարության մեջ նշված են նաեւ պոտենցիալ թեկնածուներին ներկայացվող հիմնական պահանջները. նրանք պետք է լինեն 20 տարեկանից բարձր վառ անհատականություններ, որոնք տարբերվում են դրական տրամադրվածությամբ, հետաքրքրվում դեպի տիեզերք թռիչքով, կարողանում են կյանքից հաճույք ստանալ եւ երազում խաղաղության մասին:
Հայտերը ներկայացնելու ժամկետն ավարտվում է հունվարի 17-ի առավոտյան, իսկ «տիեզերական հարսնացուների» ընտրությունը տեղի կունենա հունվարի 25-26-ին: Փետրվարի կեսերին միլիարդատերը կժամադրվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած կանանց հետ, իսկ մարտի կեսերին կկայանա հատուկ ժամադրությունը եւ մարտի վերջում կընդունվի վերջնական որոշումը: