Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու․ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանյանին
Երեք օր է անպատասխանատու հայտարարություններով հայտնի ԱԺ պատգամավորը հանգիստ չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Երեք օր է անպատասխանատու հայտարարություններով հայտնի ԱԺ պատգամավորը հանգիստ չունի: 354 ձայն ստացած այս պարոնը, ԱԺ պատգամավորի իր պարտականությունները մի կողմ թողած, պարբերաբար հրապարակումներ է կատարում, հարցազրույցներ տալիս`շարունակելով զրպարտությունները և պնդելով, որ ներողություն չի խնդրելու ՀՅԴ-ից: Այդպիսի ջղաձգումներն իհարկե հասկանալի են.
Պատգամավորի տրամաբանությունը պարզ էր ի սկզբանե. հույս ունենալով, որ ՀՅԴ-ն, զբաղված լինելով իր առօրյա բազմաբնույթ գործերով և հավատարիմ մնալով որևէ արժեք չներկայացնող և կշիռ չունեցող մեկին չանդրադառնալու քաղաքականությանը, այս անգամ ևս զերծ կմնար արձագանքելուց` վստահ լինելով, որ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի:
Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան, և սեփական խոսքերի համար պատասխան տալու անխուսափելիությունը խուճապ է առաջացնում պատգամավորի մոտ, չէ որ նա դատարանում պետք է ապացուցի մի բան, որն անգամ չկարողացան անել տեր-պետրոսյանական դատարանները: Տեղին է հիշեցնել, որ Դաշնակցությանը երբեք չի առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու/ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանք:
Հետևաբար.
- Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու…
-Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու …ոչինչ դրա ժամանակն էլ կգա….
-Մնացածը հերթով ,կարգով…
-Իսկ իմ Դաշնակցական ընկերներին համբերություն……..»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին
Հայցի հետ կապված Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՅԴ–ն դատական հայց է ներկայացրել իր դեմ՝ կապված անցյալ տարեվերջին Ազգային Ժողովում ունեցած իր ելույթի հետ։ «Իմ ելույթում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն առաջնորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններից մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր»։