Յուրգեն Կլոպ․ 7-րդ երկնքում եմ երջանկությունից
Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է 1։0 հաշվով հաղթանակը Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում։
«Ամենից վեր արդյունքն է։ Մեկ թիմ արժանի էր հաղթանակը, եւ այդ թիմը մենք էինք։ Հյուրընկալվելիս «Տոտենհեմին» հաղթելն առանձնահատուկ է։ Շատ լարված հանդիպում էր։
Կարելի էր սպասել, որ նրանք շատ խորքից կպաշտպանվեն, բայց առաջին խաղակեսում նրանք խաղում էին 4-6-0 սխեմայով։
Հաղթանակի շնորհիվ ես 7-րդ երկնքում եմ երջանկությունից, բայց պետք է քննարկել նաեւ մեր խաղը։ Մենք պետք է ավելի շատ գոլ խփեինք, դա ճիշտ է։ Կար դրա հնարավորությունը եւ պարտավոր էինք էլի խփել։ Երկրորդ խաղակեսում մեր տղաներից մի քանիսը հոգնեցին, բայց մենք խնդիրը լուծեցինք։
Ես գիտեմ, որ ռեկորդ ենք սահմանել, բայց ամեն ինչ ավարտված կլինի, երբ ստանանք տիտղոսը, իսկ մինչեւ այդ պետք է շարունակել պայքարը։ Սա միայն սկիզբն է։ Մեր մրցակիցները շատ ուժեղ են։ Գվարդիոլան չի հանձնվի, ես նույնպես չեմ հանձնվում։ Առայժմ ամեն ինչ շատ լավ է ընթանում։
Լավագույն մեկնարկի համար ոչինչ չես ստանում։ Կարեւոր է, թե ինչի կհասնես վերջում։ Այս լիգան շատ ուժեղ է։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Մեր առաջատար լինելը հետաքրքիր կլինի, երբ անհասանելի կդառնանք հետապնդողների համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում «Լիվերպուլը» միակ թիմն է, որին հաջողվեց 20 հաղթանակ տանել առաջնության առաջին 21 խաղում։
«Լիվերպուլը» 21 խաղում վաստակել է 61 միավոր, ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայի 5 առաջատար լիգաների պատմության մեջ։
Պրեմյեր լիգայի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ լիվերպուլյան թիմն ունի 16 միավորի առավելություն, մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել։