Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների անձնական հարաբերությունները բավարար չեն բանակցությունների համար
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, բայց երկու երկրների առաջնորդների անձնական հարաբերությունները բավարար չեն բանակցությունները վերսկսելու համար, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը KCNA հյուսիսկորեական գործակալությանը։
ԶԼՄ-ում իր հայտարարությունում Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խորհրդական Կիմ Կի Գվանն ասել է, որ չնայած ԱՄՆ նախագահի հանդեպ անձնական համակրանքին, Կիմ Չեն Ընը երբեք չի կառավարի երկիրը՝ հենվելով անձնական զգացումների վրա։
«Չնայած նախագահ Կիմ Չեն Ընը դրական զգացումներ ունի նախագահ Թրամփի հանդեպ, դրանք այդ բառի ուղղակի իմաստով «անձնական» են,- ասել է ԱԳՆ խորհրդականը։
«Մենք խաբվել ենք ԱՄՆ-ի կողմից՝ նրա հետ երկխոսության մեջ մտնելով մեկուկես տարի, եւ այդ ժամանակը կորած է մեզ համար»,- նշել է Կիմ Կի Գվանը։
Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան չի քննարկի Թրամփի առաջադրած առաջարկները Հանոյում 2019 թվականի փետրվարին Կիմ Չեն Ընի հետ գագաթաժողովի ընթացքում։
ԱԳՆ խորհրդականն ավելացրել է, որ Հյուսիսային Կորեան չի դադարի զբաղվել իր միջուկային հրթիռներով հանուն ԱՄՆ պատժամիջոցներից մասնակի ազատման եւ բանակցությունները կվերսկսի միայն այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները զիջումների գնա։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ էր հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ծննդյան օրվա առիթով։