Ամերիկյան Տեխասի նահանգապետ, հանրապետական Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգը չի ընդունի փախստականների նոր հոսքը
Ամերիկյան Տեխասի նահանգապետ, հանրապետական Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգը չի ընդունի փախստականների նոր հոսքը՝ համաձայն ԱՄՆ կառավարության փախստականների ընդունման նոր ծրագրի, տեղեկացնում է BBC News-ը։
Այս հայտարարության համաձայն՝ Տեխասը կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը նման գործողություններ կձեռնարկի։
Էբոթը նշել է, որ Տեխասի նահանգը «շատ ավելին է արել վերաբնակեցման ծրագրի աջակցության համար»։
ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված իր նամակում Էբոթը այս որոշումը փաստարկում է նրանով, որ նահանգը պետք է «կենտրոնանա նրանց վրա, ովքեր արդեն այստեղ են, ներառյալ փախստականներին, միգրանտներին եւ անօթեւաններին, որոնք տեխասցի են»։
Փախստականների ընդունման գործակալությունները քննադատել են Տեխասի նահանգի այս քայլը՝ այն անվանելով «խիստ հուսահատեցնող»։
Տեխասը համարվում է փախստականների մեծ թվաքանակ ընդունած նահանգներից մեկը։ 2018 թվականի տվյալներով՝ Տեխասն ընդունել է 1697 փախստականի, ավելի, քան ԱՄՆ որեւէ այլ նահանգ տարեկան կտրվածքով։
Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով թույլ է տալիս նահանգին հրաժարվել փախստականների ընդունման ծրագրից։