Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքները
Ուրբաթ Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքների մասին երկրի ԿԸՀ-ի որոշումը եւ կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացրել, անմիջապես դատարանից հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդկերպ դատական կոլեգիան բավարարել է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի վերաքննիչ բողոքը, որով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ճանաչվել էին օրինական:
«Գերագույն դատարանի վարչական հարցերով կոլեգիան բավարարել է Ալխաս Կվիցինիայի հայցը՝ անօրինական ճանաչել ԿԸՀ որոշումն ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ամբողջությամբ չեղարկել եւ կայացնել նոր որոշում: Դատարանը որոշել է չեղարկել ԿԸՀ որոշումը, նշանակել նոր ընտրություններ օրենքով սահմանված ժամկետներում»,-ասել է դատավոր Թեմուր Թարբան: Դատարավարությանը ներկա գտնվող ընդդիմության ներկայացուցիչները ծափահարություններով ողջունել են որոշումը:
Աբխազիայի Գերագույն դատարանի վճիռն ուժի մեջ է մտել ուրբաթ, ասվում է դատարանի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում: «2020 թվականի հունվարի 10-ի վճռաբեկ դատարաանի որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան եւ նրա կողմնակիցները համաձայն չեն դատարանի որոշման հետ եւ պատրաստվում են բողոքարկել այն, հայտնել է փոխնախագահ Ասլան Բարցիցը: «Մենք համաձայն չենք վճռաբեկ դատարանի որոշման հետ եւ բողոքարկելու ենք այն»,-ասել է Բարցիցը: Բողոքարկումը տեղի է ունենում երկրի Գերագույն դատարանում, ընդ որում՝ երկրորդ ատյանի որոշումն արդեն ուժի մեջ է մտել: