2019 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնող չդարձավ. Արմեն Բադալյան
2019 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնող չդարձավ: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա գնահատմամբ՝ դրան գործող իշխանություններն ուշադրություն չդարձրեցին:
Ինչ վերաբերում է ընդդիմության դերին եւ գործունեությանը, փորձագետը կարծում է, որ այն սկսեց իրեն ինչ-որ կերպ դրսեւորել իշխանափոխությունից հետո: «Նրանք միայն նոր են սկսում ինչ-որ քայլեր ձեռնարկել, որոնք ոչ միշտ են հաջողված: Որոշ չափով ինչ-որ գործողություններ փորձեց ձեռնարկել Դաշնակցությունը: Ղարաբաղում նրանք համաժողովներ կազմակերպեցին, Հայաստանում ակցիաներ անցկացրեցին գործող նախարարների դեմ, քննադատեցին կառավարության ներկայացրած ծրագիրը: Մի խոսքով՝ որոշակի ակտիվություն կար: Միեւնույն ժամանակ, Հանրապետական կուսակցությունը որեւէ ակտիվություն չի ցուցաբերում, բացառությամբ որոշ հանրապետականների, որոնք որոշ ԶԼՄ-ների միջոցով իրենց տեսակետն են հայտնում: Սակայն նրանք ընդամենը 5-6-ն են: Իսկ որպես ուժ ՀՀԿ-ն կյանքի նշաններ չի տալիս, քանի որ որեւէ գործողություն չի ձեռնարկում»,- պարզաբանեց Բադալյանը:
Ընդ որում, նա նշեց, որ որոշակի ակտիվություն են ցուցաբերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: «Որպես այդպիսին ոչ խորհրդարանական ընդդիմության տեսքով այլ ուժի ակտիվություն չեմ տեսնում»,- եզրափակեց քաղտեխնոլոգը: