Boeing ընկերությունը հրապարակել է աշխատակիցների ներքին գրագրությունը
Ամերիկյան Boeing ընկերությունը հրապարակել է ավելի քան 100 էջ ներքին փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընկերության 737 MAX օդանավի մշակմանը, հայտնում է CNN-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ փաստաթղթերում տեղեկատվություն է պարունակվում ընկերության օդանավերի վերաբերյալ Boeing-ում ներքին հաղորդակցության մասին: Դրանց զգալի մասը, մասնավորապես, նվիրված է 2017 եւ 2018 թվականներին 737 MAX սիմուլյատորների մշակմանն ու հավաստագրմանը:
Փաստաթղթերն ուղարկվել են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ, որոնք զբաղվում են այս մոդելի օդանավերի 2 աղետների հետաքննությամբ:
Նշվում է, որ Boeing-ը հրապարակված փաստաթղթերին կցել է դրանց բովանդակության համար իր ներողությունը: Կորպորացիայի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներքին գրագրությունը պարունակում է «սադրիչ հայտարարություններ» եւ մի շարք դեպքերում բարձրացնում է ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) հետ Boeing-ի փոխգործակցության հարցեր:
«Այդ հայտարարությունները չեն որոշում այն ընկերությունը, որը մենք պետք է լինենք, եւ միանգամայն անընդունելի են: Մենք ափսոսանք ենք հայտնում այդ գրագրության բովանդակության համար եւ ներողություն ենք խնդրում FAA-ից, Կոնգրեսից, ավիաընկերությունների մեր հաճախորդներից եւ ավիաուղեւորներից»,- նշված է Boeing-ի հաղորդագրության մեջ:
CNBC-ի տեղեկություններով՝ 2017 թվականի գրագրության հատվածներից մեկում ընկերության աշխատակիցները քննարկում են օդանավի համակարգչային կառավարման խնդիրները: «Այս օդանավը ծաղրածուներն են մշակել, որոնց իրենց հերթին ղեկավարում են կապիկները»,- գրել է աշխատակիցներից մեկը:
Հեռուստաալիքը նշում է, որ 2015 թվականի մեկ այլ հաղորդագրություն «լույս է սփռում» լոբբինգի մեթոդների վրա, որոնք Boeing-ում կիրառվել են կարգավորիչների պահանջներին բախվելիս: Այսպես՝ Boeing-ի աշխատակցի ենթադրությամբ կարգավորիչները ցանկանում են, որ օդաչուի խցիկում սարքերի վրա իրազեկումների որոշակի տեսակ լինի:
«Մենք մտադիր ենք այս հարցում շատ խիստ ճնշում գործադրել եւ, հավանաբար, ամենաբարձր մակարդակով աջակցության կարիք կունենանք, երբ վերջնական բանակցությունների ժամանակը գա»,- գրում է աշխատակիցը:
Boeing 737 MAX օդանավերի շահագործումն ամբողջ աշխարհում արգելված է անցյալ տարվա մարտից: Պատճառը Ինդոնեզիայում եւ Եթովպիայում այդ օդանավի երկու ավիաաղետներն էին, որոնց զոհ գնաց ընդհանուր 346 մարդ:
Boeing-ում ընդունել են, որ աղետները տեղի են ունեցել ծրագրային ապահովման МCAS համակարգի աշխատանքում խափանումից հետո, որը կարգավորում է թռիչքի ժամանակ օդանավի քթամասի բարձրացման չափից ավելի սուր անկյունը: Մայիսի կեսին ընկերությունը հայտարարել էր, որ ԾԱ-ն ամբողջությամբ թարմացրել է:
Դրանից հետո ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը Boeing 737 MAX-ում նոր խնդիր էր հայտնաբերել: Դա կապված էր օդանավի համակարգչի կողմից տվյալների մշակման հետ եւ ազդում է կայունարարի բացակայությամբ խնդիրն արագ եւ հեշտ լուծելու օդաչուների ունակության վրա:
Դրանից բացի, մի շարք ավիաընկերություններ աշնանը Boeing-737 NG օդանավերի ֆյուզելյաժի հետ թեւի կցատեղերում միկրոճեղքեր էին հայտնաբերել: Այս մոդելը 737 MAX-ի նախորդն է: