Ողբերգական վթար Երեւանում. 31-ամյա վարորդի վարած Mazda 6 մեքենան շրջվել է, վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին (Տեսանյութ և լուսանկարներ)
Երեկ` հունվարնի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Այս մասին հայտնում է Shmashyan.com-ը:
Ժամը 23:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 31-ամյա Կարեն Կարագյոզյանը իր վարած Mazda 6 մակնիշի 01 MZ 202 համարանիշի ավտոմեքենայով Գուրգեն Մահարու փողոցից դեպի Նոր Արեշ 50-րդ փողոց ընկած ճանապարհահատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ Նուբարաշենի խճուղու կենտրոնական գերեզմանատան հարեւանությամբ, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, տապալել այն եւ գլխիվայր շրջվել:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երեւանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարեւոր գործերով քննիչ Հ. Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, քանի որ սյան տապալման հետեւանքով մի քանի փողոցներ ու հարակից տներ հոսանքազրկվել էին, էլեկտրոցանցի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրեցին խնդիրը, որպեսզի էլեկտրամատակարարումը վերականգնվի:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, եւ այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: