Իսպանիայի Սուպերգավաթ․ Ազարը «Ռեալի» հետ չի մեկնի Սաուդյան Արաբիա
Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո եւ չի օգնի Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում։
«Ազարը չի խաղա Սուպերգավաթում, նա չի մեկնի մեզ հետ Սաուդյան Արաբիա։ Ազարը աստիճանաբար կվերականգնի մարզավիճակը եւ շուտով կվերադառնա խաղադաշտ»,- Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Նոր ձեւաչափով անցկացվելիք մրցաշարի հանդիպումները տեղի կունենան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։ Կիսաեզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Վալենսիան»։ Հանդիպումը տեղի կունենա հունվարի 8-ին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 9-ին կվիճարկեն «Բարսելոնան» եւ Մադրիդի «Աթլետիկոն»։ Եզրափակիչը հունվարի 12-ին է։