Առնվազն չորս հրթիռ է պայթել Բաղդադից հյուսիս գտնվող ռազմակայանի մոտ
Առնվազն չորս հրթիռ է պայթել Բաղդադից հյուսիս գտնվող ռազմակայանի մոտ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ԶՈւ զինծառայողները։ Այս մասին տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ուժերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կատյուշա» տիպի չորս հրթիռ է պայթել երեկոյան Էթ Թաջ մեծ ռազմակայանի մոտ, որը գտնվում է Իրաքի մայրաքաղաքի մոտ, եւ որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը»,- ճշտել է հեռուստաալիքը։ Նշվում է, որ պայթյունների հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Մինչ այդ Պենտագոնի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը մի քանի հարվածներ է հասցրել Սիրիայում եւ Իրաքում «Քաթաիբ Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին՝ ի պատասխան նրանց վերագրվող հարձակման։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի վարկածով՝ «Քաթաիբ Հեզբոլլահը» պատասխանատու է ուրբաթ Քիրքուկի մոտ գտնվող ռազմակայանի հրթիռակոծման համար, ինչի հետեւանքով զոհվել է ամերիկացի պայմանագրային քաղաքացիական աշխատակից։
Ինչպես տեղեկացրել է Al Hadath հեռուստաալիքը, ՌՕՈւ արեւմտյան կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, իրականացրել է օդային հարձակում իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» շիական կազմավորման դեմ Սիրիային սահմանակից Էլ Կաիմ քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է խմբավորման 15 գրոհային։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու սարքերը երեք անգամ գրոհել են վերերկրյա թիրախները։ Շիական աշխարհազորի աղբյուրները տեղեկացրել են, որ հարձակմանը մասնակցել են նաեւ F-16 կործանիչներ։
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, ինչպես տեղեկացրել է As Sumaria հեռուստաալիքը, ԱՄՆ ՌՕՈւ հարվածները «Քաթաիբ Հեզբոլլահի» բազայի դեմ անվանել է ազգային ինքնիշխանության խախտում։ Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին իր հերթին կոչ է արել գումարել Իրաքի ղեկավարության շտապ խորհրդակցություն՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Շիական կազմավորումների ճամբարները, որոնք մտնում են «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի մեջ, 2019-ին բազմիցս ենթարկվել են իսրայելական ՌՕՈւ գրոհներին։ Հուլիսի 28-ին, մասնավորապես, օդային հարձակում կատարվեց Աշրաֆի բազայի վրա, որը գտնվում է Բաղդադից 40 կիլոմետր հյուսիս-արեւելք։ Աշ Շարք ալ Աուսաթ» թերթի տվյալներով՝ այդ գրոհի ընթացքում վերացվել են այնտեղ հասցված իրաքյան բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու սարքեր։