2019-ին Հայաստանում ցորենի ցանքատարածությունները կրճատվել են 30 տոկոսով. փորձագետ
2019 թվականին Հայաստանում գրանցվել է ցորենի ցանքատարածությունների կրճատում 30 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 26-ին ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Փորձագետն ավելացրել է, որ շարունակվում է նաեւ կարտոֆիլի ցանքի կրճատումը, ինչի արդյունքում Հայաստանն արտահանող երկրից վերածվել է ներկրողի։
Բերբերյանն ընդգծել է, որ եթե խանգարում են վատ կադրերը, ինչպես ասաց վարչապետը, ապա անհրաժեշտ է նրանցից ազատվել։
«Ինչու դա չի արվում՝ մինչեւ հիմա անհասկանալի է։ Բացի այդ, անհրաժեշտ է փոխել վիճակագրություն վարելու համակարգը եւ գործընթացին ներգրավել հենց արտադրողներին, այլ ոչ թե պաշտոնյաներին, որոնք միշտ շահագրգռված են, որպեսզի բարձր թվեր «նկարեն»,- ասել է ՀԿ ղեկավարը։
Փորձագետը վստահություն է հայտնել, որ գրագետ աշխատանքի դեպքում երկրի ՀՆԱ-ն կարող է բարձրանալ 5 տոկոսով։
Նա հերթական անգամ քննադատել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման մասին որոշումը։ «Այդ ոլորտը մի ժամանակ ապահովում էր երկրի ՀՆԱ 45 տոկոսը։ Այդ որոշման հեղինակը ժողովրդի թշնամի է եւ անպայման դրա համար պատասխան պետք է տա»,- եզրափակել է Հրաչ Բերբերյանը։