ՄԱԿ-ի FAO-ն Էկոնոմիկայի նախարարությանը 13,5 մլն դրամ արժեքով ավտոմեքենա է նվիրել
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց որպես նվիրատվություն ընդունել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում ձեռք բերված, 13,49 մլն դրամ արժեքով, 2015 թվականի արտադրության «ՇԵՎՐՈԼԵՏ ԿԱՊՏԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան եւ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Նույն որոշման մյուս կետով Էկոնոմիկայի նախարարությունից հետ վերցվեց «Տոյոտա Լանդ Կրուզեռ» մակնիշի, 2008 թվականի արտադրության, 10,6 մլն դրամ արժեքով ավտոմեքենան եւ հատկացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Իր հերթին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այդ մեքենան կամրացնի որեւէ մարզպե¬տա¬րանի:
Նշվում է, որ Էկոնոմիկայի նախարարության գործառույթներն իրականացնելու համար ավելի նախընտրելի է «Շևրոլետ Կապտիվա» ավտոմեքենան, քանի որ պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում այցելել տարբեր մարզեր իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելու, գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների հետ հանդիպումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև ոլորտային տարաբնույթ խնդիրների լուծման նպատակներով:
Բացի դրանից ավտոմեքենան որպես նվիրատվություն ընդունելու նպատակներից է նաև հին արտադրության տրանսպորտային միջոցը նորով փոխարինելը, քանի որ առավել շահագործված ավտոմեքենաների պահպանումը համեմատաբար ավելի ծախսատար է։