68-ամյա վիրաբույժ Ժոել Լե Սուարնեկին (Ֆրանսիա) մեղադրում են 349 երեխայի բռնաբարության և նրանց նկատմամբ ոտնձգությունների մեջ
68-ամյա վիրաբույժ Ժոել Լե Սուարնեկին (Ֆրանսիա) մեղադրում են 349 երեխայի բռնաբարության եւ նրանց նկատմամբ ոտնձգությունների մեջ: Հայտնաբերված դեպքերից չորսի գործով դատավարությունը սկսվելու է 2020 թվականի մարտին:
Տեղական BFM պարբերականը հայտնում է, որ այս գործով ցուցմունքներ է տվել արդեն 229 մարդ: Գործի նյութերի համաձայն՝ բժիշկը հակաօրինական գործողությունները կատարել է 30 տարի շարունակ. ինչպես ընդգծել է դատախազ Լորելին Փեյրեֆիտը, մի քանի հանցագործությունների վաղեմության ժամկետը լրացել է:
Ըստ գործի նյութերի՝ երեխաների նկատմամբ ոտնձգությունները վիրաբույժը սկսել է 80-ական թվականների կեսից, սակայն այս մասին 2017 թվականին առաջին անգամ հայտարարել է մի 6-ամյա աղջիկ. նա մորը հայտնել է, որ բժիշկն իր նկատմամբ կատարել է սեռական բնույթի հանցագործություններ:
Հարցաքննության ժամանակ վիրաբույժը խոստովանել է, որ բռնաբարել է 2 զարմուհիներին: Իրավապահ մարմինները քննության ընթացքում հայտնաբերել են համանման 200 դեպքերի մասին գրանցված տվյալներ: Վիրաբույժն այս հանցագործությունները կատարել է աշխատավայրում՝ հիվանդանոցում, օգտվելով իր դիրքից, իշխանությունից եւ անչափահաս պացիենտների վստահությունից:
2020 թվականի մարտին կսկսվի հայտնաբերված հանցագործություններից առաջին 4-ի գործով դատավարությունը: Մնացյալ դեպքերը դեռեւս նախաքննության փուլում են, եւ բացառված չէ, որ միավորվեն մեկ գործի մեջ: