Սմայլիկների ցուցահանդես՝ նվիրված հին եգիպտական հիերոգլիֆներին
Երուսաղեմում իսրայելական թանգարանը այս շաբաթ բացել է «Էմոգլիֆներ» ցուցահանդեսը, որի նպատակը սմայլիկների օգնությամբ հին եգիպտական հիերոգլիֆների կարեւորության բացահայտումն է, հայտնում է DW-ը։
Թանգարանում հուսով են, որ այդ թեման կհետաքրքրի թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանի երիտասարդ սերնդին եւ ավելի շատ այցելուներ կգրավի։
Գաղափարը պատկանում է ցուցահանդեսի կազմակերպիչ Շիրլի Բեն Դոր Էվիանին։
Այն դարաշրջանում, երբ համարյա մեզնից յուրաքանչյուրը չի կարող կտրվել բջջային հեռախոսի էկրանից, նրա մոտ այս միտքն է ծագել։
«Ես հասկացա, որ որոշ բաներ այժմ ավելի հեշտ է բացատրել, քանի որ մենք գրում ենք նկարներով, դա շատ տարածված է․․․ Իմ նպատակը, որպես եգիպտագետի, այն է, որ մարդկանց ցույց տամ, որ հինը եւս առնչություն ունի ժամանակակից կյանքի հետ»,- նշել է Էվիանը։