Ճապոնիայի վարչապետը եւ ԱՄՆ-ի նախագահը քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը
Շաբաթ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի վարչապետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք վերլուծել ենք Հյուսիսային Կորեայի շուրջ ընթացիկ իրավիճակը եւ քննարկել մեր հետագա գործողությունները»,-ասել է նա: Աբեն նաեւ քննադատել է Փհենյանի ներկայիս քաղաքականությունը եւ նրա կողմից մի շարք սադրիչ գործողությունները՝ ներառյալ հրթիռների արձակումները: «Անհրաժեշտ է աշխատել ապամիջուկայնացման շուրջ խաղաղ երկխոսության միջոցով»,-հավելել է վարչապետը:
Մինչդեռ նա որեւէ տեղեկատվություն չի հաղորդել այն մասին, թե քննարկել են արդյոք կողմերը ուրբաթ եւ շաբաթ Տոկիոյում կայացած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 30-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին գործնական մակարդակում վերականգնել ապամիջուկայնացման մասին բանակցությունները, որոնք դադարեցվել էին Հանոյում փետրվարին երկու առաջնորդների հանդիպումից հետո, որը որեւէ արդյունք չէր գրանցել: Այդ պայմանավորվածության համաձայն՝ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Ստոքհոլմում հանդիպել էին քննարկելու երկկողմանի հարաբերությունները կարգավորելու հարցը, սակայն երկխոսություն ծավալելն այդպես էլ չէր հաջողվել: Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար Կիմ Մյոն Գիլը հայտարարել էր խորհրդակցությունների ձախողման մասին եւ խորհուրդ տվել ամերիկյան կողմից ավելի լավ մտածել իրենց դիրքորոշման շուրջ, ընդ որում՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում չէին համաձայնվել այդպիսի գնահատականի հետ եւ անվանել էին այդ հանդիպումը «կառուցողական»: