Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը հիվանդանոց է տեղափոխվել
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի ամուսին արքայազն Ֆիլիպը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Associated Press-ը:
Բուքինհեմյան պալատում հայտնել են, որ արքայազն Ֆիլիպը գտնվում է Թագավոր Էդվարդ Յոթերորդի անվան հիվանդանոցում հետազոտվելու եւ բուժվելու նպատակով:
«Հետազոտությունն արվել է զգուշավորության նկատառումներից ելնելով Նորին Թագավորական Մեծության բժշկի խորհրդով»,-ասվում է պալատի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արքայազն Ֆիլիպը գտնվել է Անգլիայի արեւելքում՝ թագավորական ընտանիքի Սենդրինհեմյան կալվածքում, որտեղ նրանք սովորաբար տոնում են Սուրբ Ծնունդը: Պալատում նաեւ ընդգծել են, որ արքայազն Ֆիլիպը «Շտապօգնության» մեքենայով չէր տեղափոխվել հիվանդանոց, եւ նրա առողջական վիճակը չէր պահանջում շտապ բժշկական միջամտություն: Ակնկալվում է, որ թագուհու 98-ամյա ամուսինը մի քանի օր կանցկացնի այնտեղ: