Հայաստանում գործող սպանդանոցները կարող են բավարարել ներքին պահանջարկի միայն 66,5 տոկոսը
Հայաստանում գործող սպանդանոցները կարող են բավարարել ներքին պահանջարկի միայն 66,5 տոկոսը: Այս մասին այսօր «Սպանդանոցում անասունների մորթի անցման կարեւորությունը» համաժողովում հայտարարեց ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Լիլիթ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մսի պահանջարկն աճել է: «Օրական օգտագործվում է 20 տոննա տավարի եւ 10 տոննա խոզի միս: Միայն Երեւանում տավարի մսի սպառման ծավալները կազմել են 10 տոննա եւ խոզի մսի սպառման ծավալները՝ 7-8 տոննա»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ տարեկան ընդհանուր առմամբ մեկ շնչին ընկող մսի օգտագործման ծավալները կազմել են 35 կգ: Հայաստանում կա 335 հազար ֆերմերական տնտեսություն, իսկ տարեկան սպառման ծավալները կազմում են 91300 տոննա: Այժմ երկրում գործում է տարբեր հզորության 22 սպանդանոց: Սարգսյանը նշեց, որ Հայաստանում գործող սպանդանոցները կարող են բավարարել ներքին պահանջարկի միայն 66,5 տոկոսը: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ եւս 20-25 սպանդանոց գտնվում է կառուցման եւ վերանորոգման փուլում: